Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

Հայ-ֆրանսիական մի նոր համագործակցություն

Հրավիրյալ մասնագետը հայկական ծագմամբ ֆրանսիացի օստեոպատ-ասեղնաբույժ Հենրի Ռաստկլանն էր։ Ավարտել է Ավանդական չինական բժշկության ինստիտուտը։ Նա վերապատրաստումներ է անցել Ավինյոնում, Մարսելում, Լիոնում, ինչպես նաև հղկել իր մեթոդիկան չինացի պրոֆեսորների մոտ։ Վալանսում հիմնել է չինական բժշկության կենտրոն, որտեղ մատուցում է բազմապրոֆիլ ծառայություններ։

  2020թ․-ի սեպտեմբերի 27-ին ծավալված Արցախյան պատերազմից հետո պարոն Ռաստկլանն, ինչպես շատ էթնիկ հայեր, իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու իր հայրենիքին ինչպես կարող է՝ գիտակցելով, որ հիմա է աջակցության ճիշտ ժամանակը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ծրագրերի շրջանակներում այցելելով Հայաստան՝ նա օժանդակեց արցախցի տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև մի քանի հայաստանյան վերականգնողական կենտրոններում իր մասնագիտական հմտություններով դեմ առ դեմ կիսվեց, որն արժեքավոր ու մնայուն օժանդակություն է մեր հայրենակիցների համար։

Ընտրված թեման էր՝ «Օստեոպատիայի և ավանդական չինական բժշկության մեջ ալտերնատիվ թերապիայի՝ Թուինայի ներածությունը»։

Այս հանդիպումը համատեղվեց Ֆեդերացիայի հերթական միջոցառման հետ, որը նախաձեռնել էր ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոնի կինեզիոթերապևտ, բուժմերսող, ՀՖԹՄԱՖ անդամ, Համաշխարհային մերսման ֆեդերացիայի կողմից միջազգայնորեն հավաստագրված մասնագետ Ռուզաննա Շահինյանը՝ հետպատերազմական իրականությունում առաջացած ռեաբիլիտացիոն միջամտությունների հետ Ֆեդերացիայի անդամներին ծանոթացնելու նպատակով։ Նրա ընտրած թեման, թերևս, ամենացավոտներից էր՝ «Կինեզիոթերապիան և բուժական մերսումը վերջույթների ամպուտացումից հետո»։  Եվ այսօր վերականգնողական ոլորտի մասնագետների պարտքն է որակյալ և արհեստավարժ ծառայություններ մատուցել մերօրյա հերոսներին՝ վերադարձնելով նրանց բնականոն կյանքի։ «Սա նվազագույնն է, որ կարող ենք անել մեր հերոսների համար, չէ՞ որ նրանք մեզ համար զոհաբերել են իրենց «ամենաթանկը»՝ առողջությունը, ավելին՝ հաճախ նաև կյանքը»,-նշեց տիկին Շահինյանը։

 

  

Ամբողջական ինֆորմացիան կարող եք գտնել՝

https://www.armphysiotherapy.org/post/armenian-french-cooperation?fbclid=IwAR2x8JwEI2N7BcthblzM8pjApuy-YUukgUn9CmCfvPQii3yQJ_4gXVynoIA