«Փողկապով և առանց...» ամսագրում, որտեղ Հայաստանի առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների հարցազրույցներն են` գործնական ու անձնական հետաքրքիր հարցերի շուրջ, տպագրվել է «Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր, գլխավոր բժիշկ Հելեն Ազարյանի հարցազրույցը` «Կարոտած զրույց ինքս ինձ հետ...» խորագրի ներքո:
«Նրան թվում է, որ անցյալ կյանքում զինվոր է եղել: Զինվոր, ով ծնկի գալու դեպքում էլ միանգամից ոտքի է կանգնել, փոշին թափ տվել ու շարունակել ճանապարհը:
Երբ նրան ասում են հեքիաթ՝ հիշում է մի պատմություն՝ հիվանդ աղջկա ու արևի մասին: Աղջիկն ապրում էր մթության մեջ՝ նկուղում:Բժիշկն այցելում է նրան, առանց երկար մտածելու գրում դեղատոմսը. «Նրան Արև է հարկավոր…»
Մանկությունից եկած այս հեքիաթն է կրում իր մեջ ու վստահեցնում, որ գեղեցիկ ու առողջ կյանքի հիմքում մի կաթիլ արև ու մի բուռ ջերմություն է ընկած»,-այս տողերով է սկսվում Հելեն Ազարյանի հարցազրույցի ներածականը: