Հարց բժշկին Հատուկ առաջարկ
Անուն:
Տարիք:
Էլ. հասցե:
Հարցման թեման
Հաղորդագրություն:
captcha 

  • ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

    Ի՞նչ խնդիրներ է լուծում ծավալային ուրվագծային պլաստիկան:

    • տարիքային փոփոխությունների և լիպոդիստրոֆիայի հետևանքով առաջացած փափուկ հյուսվածքների ծավալի վերականգնում, 
    • կնճիռների շտկում (ծալքեր, ակոսներ, քիթշրթունքային ծալքեր, հարշրթունքային կնճիռներ, միջհոնքային տարածք) 
    • դեմքի անհամաչափությունների շտկում
    •  ատրոֆիկ սպիների շտկում
    • շրթունքների մոդելավորում (ուրվագիծ, ծավալի մեծացում):

    Ինչպիսի՞ իմպլանտ /ֆիլլեր/  ընտրել

    - “Helios” ԲԿ-ում օգտագործվում են հիալուրոնային թթվի հիմքով իմպլանտներ, որոնք ժամանակի ընթացքում ներծծվում են և դուրս գալիս օրգանիզմից բնական ճանապարհով: Հիալուրոնային թթվի կիրառումը  թույլատրված է FDA-ի կողմից 2009 թվականից: Բարձր աստիճանի մաքրության նյութերի  օգտագործումը երաշխիք է խուսափելու մի շարք բարդություններից, այդ թվում ալերգիկ ռեակցիաներից:  Իսկ թե հատկապես որ նյութն ընտրել, որոշում է բժիշկը` ելնելով լուծման ենթակա խնդրի առանձնահատկություններից: 

    Ե՞րբ  է տեսանելի դառնում  ներարկման արդյունքները:

    -Հիալուրոնային թթվի հիմքով նյութի ներարկման  արդյունքն ակնհայտ է դառնում անմիջապես միջամտությունից  հետո: Հարկ է, սակայն, նշել, որ 2-3 շաբաթվա ընթացքում միջամտության  դրական արդյունքն ավելի տեսանելի է դառնում: Այդ է պատճառը, որ վերջնական արդյունքի մասին պետք է դատել միջամտությունից 20 օր հետո:

    Ինչպիսի՞ անցանկալի հետևանքներ կարող են լինել։

    - Միջամտությունից անմիջապես հետո կարող են ի հայտ գալ հետևյալ երևույթները` կամրություն, փոքր այտուց, հեմատոմա: Դրանք կրում են ժամանակավոր բնույթ, և որոշ ժամանակ անց իսպառ վերանում են:

    Որքա՞ն է պահպանվում արդյունքը:

    -Ուրվագծային պլաստիկայի արդյունքը պահպանվում է 8 ամսից մինչև 2 տարի: Կախված է հաճախորդի տարիքից, մաշկի վիճակից, ներարկման հատվածից, անհատական առանձնահատկություններից և այլն: Լավագույն արդյունքին հասնելու համար իմպլանտի ներարկումը հաճախ համատեղվում է ներարկման այլ մեթոդների հետ:

    Վտանգավո՞ր են արդյոք Բոտոքսի ներարկումները:

    - Էսթետիկ բժշկության մեջ կիրառվող բոտուլոտոքսին տիպ A պրեպարատները թույլատրված են FDA-ի (Սննդի և դեղամիջոցների ադմինիստրացիայի) կողմից: Դրանք բարձրորակ են և գրագետ ներարկումների պարագայում բացարձակ անվնաս: Բոտուլոտոքսինը չի վնասում նյարդերը, այլ միայն ժամանակավորապես դադարեցնում է նյարդային իմպուլսի հաղորդումը դեպի նյարդամկանային սինապս, որը բերում է տվյալ մկանի թուլացմանը, միմիկական կնճիռների ժամանակավոր շտկմանը։ Այդ գործընթացը շրջելի է և իմպուլսների հաղորդումը վերականգնվում է 3-6 ամսում:

    Որքա՞ն է պահպանվում արդյունքը:

    -Բոտուլոթերապիայի արդյունքը պահպանվում է 3-6 ամիս` կախված ներարկվող նյութից, տեղից և դոզաչափից:

    Բացի դինամիկ կնճիռների շտկումից, էսթետիկ բժշկության մեջ  ի՞նչ այլ խնդիրներ կարելի է լուծել  բոտուլոտոքսինի ներարկումները:

    -Բոտուլոտոքսինը կիրառվում է նաև հիպերհիդրոզի (բարձր քրտնարտադրության) բուժման ժամանակ: Այն օգտագործվում է ափերի, թևատակի, ոտնաթաթի գերքրտնարտադրությունը ժամանակավոր կանխելու նպատակով: Քրտնարտադրող գեղձերի վրա բոտուլոտոքսինի ազդեցությունը պահպանվում է 4-12 ամիս:

    Ի՞նչ է ակնեն (կորյակները):

    Ակնեն հիվանդություն է, որի ժամանակ մաշկում չափից ավելի ճարպ է արտադրվում և կուտակվելով ճարպագեղձերի ծորաններում` խցանում է դրանք: Մենք դա տեսնում ենք սև կամ սպիտակ կոմեդոնների տեսքով, վերջիններս էլ որպես օտար մարմին բորբոքում են այդ հատվածի մաշկը: Այդ բորբոքումն արտահայտվում է կարմրավուն թարախաբշտիկներով կամ ցավոտ խորը հանգույցներով:

    Պե՞տք է արդյոք բուժել ակնեն, թե այն տարիքի հետ կանցնի:

    Գոյություն ունի նվազագույնը երկու կարևոր պատճառ, որի համար ակնեն պետք է ակտիվ բուժել: Առաջինը սպիների առաջացումն է, որը շատ հաճախ է դիտվում ակնեի արդյունքում, նույնիսկ երբ արդեն բորբոքային երևույթներ ամենևին չկան: Եվ երկրորդը, նույնիսկ եթե հիվանդությունն ընթանում է առանց սպիի առաջացման, այն կարող է լուրջ հոգեբանական վնաս հասցնել անհատին:

    Որքա՞ն է տևում ակնեն:

    Սովորաբար այն սկսվում է դեռահաս տարիքում, կարող է տևել 4-6 տարի, հարաբերական լավացումներով և վատացումներով: Առանձին դեպքերում հիվանդությունը կարող է ձգվել տասնամյակներ:

    Մարմնի ո՞ր մասերն են ախտահարվում:

    Ակնեի ժամանակ հիմնականում ընդգրկվում է դեմքի, մեջքի, միջկրծքային հատվածների մաշկը, որտեղ մեծ քանակությամբ ճարպագեղձեր կան:

    Ի՞նչը կարող է ավելի վատացնել ակնեի ընթացքը:

    1. Մաշկի սխալ խնամքը տան պայմաններում
    2. Ինքնաբուժությամբ զբաղվելը, ոչ բավարար հիգիենան
    3. Շատ ճարպոտ, քաղցր, գրգռող սննդի կիրառումը
    4. Գերհոգնածությունը, քնի խանգարումը
    5. Օրգանիզմում առկա այլ հիվանդությունները:Քանի՞ այցելություն է անհրաժեշտ տատուի հեռացման համար:

    6-10 այցելություն: Այցելությունների քանակը կախված է մի քանի գործոններից, այդ թվում` գույնի խտությունից, դաջվածքի վաղեմությունից և այլն:

    Հնարավո՞ր է արդյոք հեռացումից հետո կրկնվեն պապիլոմաները, գորտնուկները:

    Այո, հնարավոր է, քանի որ այն իրենից ներկայացնում է վիրուսային հիվանդություն, ապա չի բացառվում, որ կարող է կրկնվել: Այդ իսկ պատճառով հեռացմանը զուգահեռ բժշկի կողմից նշանակվում է բուժում:

    Քանի՞ անգամ է պետք այցելել գորտնուկը հեռացնելու համար:

    Անհատական է` կախված տարածվածությունից, մեծությունից:

    Ազդեցության ինչպիսի՞ մեխանիզմներ են գործում լազերային և ֆոտոէպիլացիաների ժամանակ:

    Լույսի էներգիան նպատակադրված ուղղորդվում է դեպի մազի մելանինը և կլանվելով նրա կողմից` բարձրացնում է մազի ֆոլիկուլի (մազարմատ)  ջերմաստիճանը: Ներթափանցված լույսը, բարձրացնելով մազի ֆոլիկուլի ջերմաստիճանը, կոագուլյացիայի է ենթարկում մազարմատը և սնուցող անոթը: Արդյունքը երկարաժամկետ մազահեռացումն է:

    Անցանկալի մազերի հեռացման ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում «Հելիոս» բժշկական կենտրոնում:

    Լազերային էպիլացիայի համար որպես նորույթ կիրառվում է Soprano XL սարքավորումը: Մազահեռացման բացարձակ անցավ եղանակ` Pain-free, Hair Free TM: Համակարգը աշխատում է դիոդային լազերի հիմքով, ալիքի երկարությունը 810 նմ: Ի շնորհիվ IN-MotionTM  յուրահատուկ տեխնոլոգիայի և DualChillTM մշակող ծայրակալի կիրառման, մաշկի մակերևույթը պրոցեդուրայի ընթացքում մնում է սառը վիճակում` պարգևելով հաճախորդին հարմարավետության զգացողություն: 

    Որո՞նք են կիրառվող այդ նորույթի առավելությունները:

    1. Մաշկի լիարժեք մշակում, առանց բացթողումների
    2. Պրոցեդուրան արագ է և հարմարավետ
    3. Բուժումը անվտանգ է մաշկի բոլոր տեսակների համար, ներառյալ արևայրուքով մաշկը​
    • Ինչպե՞ս է աշխատում Light Sheer համարկարգը:

    Լազերայի էպիլացիայի Light Sheer TM համակարգն աշխատում է դիոդային լազերի հիմքով, ալիքի երկարությունը 800-810 նմ: ChillTip հատուկ սառեցնող ծայրակալը բարձրացնում է պրոցեդուրայի ավտանգությունը և հարմարավետութունը:

    Առավելություններն են.

    1. Չափորոշիչների ճշգրիտ ընտրություն` կախված մազի որակից (գույն, հաստություն)
    2. Պրոցեդուրան արագ է և հարմարավետ
    3. Բուժումն անվտանգ է մաշկի բոլոր տեսակների համար
    4. Ապահովվում է արագ վերադարձ առօրյա գործունեությանը: 
    • Ինչպե՞ս է աշխատում Skin Sataion համակարգը:
    • Skin Sataion, LHETM (լույսի և ջերմության էներգիա) տեխնոլոգիան (ալիքի երկարությունը 400-1200 նմ) աշխատում է ընտրողական ֆոտոթերմոլիզի սկզբունքով: Մեթոդի յուրահատկությունը կայանում է լույսի և ջերմության էներգիաների միաժամանակյա օգտագործմամբ: Ֆոտոէպիլացիայի արդյունավետությունը էապես կախված է մազի գույնի և մաշկի տիպից: Այն առավել արդյունավետ է բաց մաշկի (I-II ֆոտոտիպ) և սև կամ մուգ մազերի ժամանակ: Բայց ի տարբերություն լազերային էպիլացիայի, այն օգտագործվում է նաև բաց երանգի  մազերի հեռացման ժամանակ:

     

    Ի՞նչ պետք է իմանա մարդը լազերային և ֆոտո միջամտությունների գալուց առաջ:

    1. Չընդունել արևայրուք լազերային միջամտությունից առաջ 2 շաբաթվա ընթացքում
    2. չընդունել ֆոտոզգայնությունը բարձրացնող դեղորայքներ
    3. չանել փիլինգներ լազերային միջամտությունից առաջ` ավելի քան 2 շաբաթվա ընթացքում          
    4. օգտագործել լազերային և ֆոտո միջամտություններից հետո արևապաշտպան միջոցներ
    5. հետևել բժշկիկ ողմից Ձեզ տրված ցուցումներին:

    Էլեկտրոէպիլացիայի մեթոդը չունի մազի և մաշկի գույնի հետ կապված  սահմանափակումներ: Խորհուրդ է տրվում դիմել այս մեթոդին հատկապես սպիտակ մազերի մազահեռացման համար:

    Ինչպե՞ս ընտրել  մազահեռացման մեթոդը:

    Կախված մաշկի տիպից, գույնից և մազի որակից` մեր կենտրոնի մասնագետները կընտրեն այն մեթոդը (կամ համակցված մեթոդները), որն առավել արդյունավետ  ազդեցություն կունենա հատկապես Ձեր խնդիրների լուծման համար: Կպահանջվի կատարել 5-ից 10-12 միջամտություն` ցանկալի արդյունքի հասնելու համար:

    Մարմնի ո՞ր հատվածում կարելի է կատարել էպիլացիա:

    Կարելի է կատարել մարմնի ցանկացած հատվածում` ոտքեր, ձեռքեր, բիկինի, մեջք, դեմք, վիզ, թևատակեր և այլն: «Հելիոս» բժշկական կենտրոնում միջամտությունները կատարվում են փորձառու բժիշկների կողմից: Միջամտություններից հետո անմիջապես կարելի է վերադառնալ առօրյա կյանքին:

    Անվտա՞նգ են արդյոք միջամտությունները և կա՞ն տարիքային սահմանափակումներ:

    «Հելիոս» բժշկական կենտրոնում կիրառվող բոլոր լազերային և ֆոտոսարքերը հաստատված են FDA-ի կողմից: Լազերային և ֆոտո էպիլացիաններն անվտանգ են և կարելի է կատարել 16-18 տարեկանից սկսած:

     

    Ինչպե՞ս կարելի է երկար պահպանել մարմնի ծավալի և ավելորդ քաշի իջեցման արդյունավետությունը:

    Կուրսային բուժումից հետո անհրաժեշտ է պարբերական այցելություններ երեք կամ չորս շաբաթը մեկ անգամ. ակտիվացնել նյութափոխանակային պրոցեսները, արյան և ավշի շրջանառությունը` ապահովելով բարձր ինքնազգացողություն, լիցքաթափում և հետևել մասնագետի ցուցումներին սննդակարգի, շարժողական ֆունկցիայի ակտիվացման վերաբերյալ:

    Հնարավո՞ր է արդյոք գիրանալու-նիհարելու հետևանքով հղիությունից հետո մաշկի վրա առաջացած բծերի` ստրիաների վերացումը:

    Առաջարկվում են կոմպլեքս միջոցառումներ` քիմիական փիլինգ, ապարատային ֆիզիոթերապիա, պարուրումներ, մեզոթերապիա, կարբոքսիթերապիա, միկրոդերմոբրազիա: Արդյունավետությունն արտահայտվում է մաշկի որակական փոփոխություններով, լիֆթինգով, արդյունքում ստրիաները դառնում են նուրբ և աննկատ, մաշկը` թավշյա:

    Ճարպակալման, ցելյուլիտի կուրսային բուժումից հետո հնարավո՞ր է խնդիրը նորից կրկնվի:

    Ճարպակալումը, ցելյուլիտն ունեն խրոնիկական ընթացք, հետևաբար կյանքի պայմանների փոփոխությունից (սթրես, կլիմայի և սննդի փոփոխություններ, հորմոնալ փոփոխություներ) կարող են նպաստել արյան և ավշի շրջանառության,  նյութափոխանակության խանգարումների, ճարպերի սինթեզի ակտիվացման: Սակայն լիարժեք կուրսային բուժումից հետո փոփոխություններն առավել քիչ են արտահայտվում:

     

  • ՄԱՇԿԱԲԱՆ

     Ճի՞շտ է արդյոք, որ պսորիազն անբուժելի հիվանդություն է:

    Պսորիազը բուժելի հիվանդություն է: Ճիշտ է, բուժումը հաճախ դյուրին չէ, քանի որ օրգանիզմում տեղի են ունենում ընդհանուր բնույթի ախտաբանական տեղաշարժեր, որոնք պահանջում են հիվանդի բազմակողմանի հետազոտություն և համակարգային բուժում: Հիվանդության զարգացման վաղ շրջանում մեզ հաճախ հաջողվում է վերացնել հիվանդությունը, հատկապես երեխաների մոտ: Այլ դեպքերում բուժման արդյունքում տարածված ախտահարումը մեղմանում է, սահմանափակվում, բայց հիվանդը լիովին չի ապաքինվում: Այլ կերպ ասածէ ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքից, հիվանդի անհատականությունից:

    Որո՞նք են մաշկի ալերգիկ հիվանդությունները և ինչպե՞ս պաշտպանվել դրանցից:

    Ալերգիան որպես երևույթ իրենից ներկայացնում է օրգանիզմի ռեակցիան` իր վրա կրկնակիորեն ներգործած տարբեր գրգռիչների (ալերգենների) նկատմամբ: Որոշ մաշկային հիվանդությունների ժամանակ (մոլաքոր, Կվինկեի այտուց, Լայելի համախտանիշ, Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ, անաֆիլակտիկ շոկ) զարգանում է սուր ալերգիկ ռեակցիա կամ անմիջական տիպի գերզգայունության ռեակցիա, դրանք մեծ վտանգ են ներկայացնում հիվանդի կյանքի համար: Այլ մաշկային հիվանդությունների ժամանակ (շփումային ալերգիկ մաշկաբորբ, էկզեմա, քորպատիկ, հարդային տենդ և այլն) ալերգիկ ռեակցիան դանդաղորեն զարգացող է: Նշված հիվանդություններից յուրաքանչյուրն ունի իր զարգացման մեխանիզմը, կլինիկական պատկերը, որոնք հաշվի առնելով կարելի է կանխարգելել հիվանդության առաջացումը:

    Հնարավո՞ր է արդյոք բուժել եղունգների սնկային հիվանդությունները միայն արտաքին միջոցներով:

    Առանց ներքին ընդունման դեղանյութերի, միայն արտաքին միջոցներով եղունգների սնկային հիվանդությունների բուժման խնդիր է առաջանում այն պարագայում, երբ հիվանդն ունենում է ալերգիկ ռեակցիա առաջինների նկատմամբ կամ լուրջ ախտաբանական վիճակ լյարդի կամ երիկամների կողմից: Նման դեպքերում բուժման պրոցեսն ավելի երկար է տևում և պահանջվում են ավելի մեծ ջանքեր ինչպես մասնագետի, այնպես էլ հիվանդի կողմից:

    Ինչպե՞ս կարող է երեխան վարակվել մաշկի սնկային հիվանդություններով, եթե տանը կամ դպրոցում նման հիվանդներ չկան:

    Եթե երեխայի մոտ հաստատվել է սնկային հիվանդություն, սակայն մանրազնին հետազոտություններով վարակի աղբյուրը չի հայտնաբերվել ոչ ընտանիքի անդամների, ոչ էլ այլ անձանց շրջանում (մանկական հիմնարկություն, փողոց), ապա վարակի աղբյուրը պետք է փնտրել ընտանի կենդանիների և կրծողների շրջանում: Առանձին դեպքերում վարակը կարող է անցնել հողից: Խոսքը միկրոսպորիայի և տրիխոֆիտիայի մասին է, որոնցով հաճախ ախտահարվում են գլխի մազածածկ մասը, հարթ մաշկը:
    Այլ դեպքերում (երբ ախտահարվում են ոտնաթաթերի մաշկը, եղունգները, իրանի մաշկը) վարակի աղբյուր կարող են հանդիսանալ լողավազանները, հասարակական բաղնիքները:

    Որևէ վտանգ ներկայացնում են արդյո՞ք  պապիլոմաները, եթե դրանք չբուժվեն:

    Պապիլոմաները կամ փափուկ սրածայր գորտնուկներն ունեն վիրուսային ծագում, կլինիկորեն արտահայտվում են տարբեր չափերի ու ձևի` հաճախ թելանման, գորտնուկանման, ամենից առաջ տեղակայվում են պարանոցի վրա: Եզակի քանակով արտահայտված լինելու դեպքերում նրանք հակում ունեն բազմանալու (ինքնավարակման ճանապարհով), չափերով խոշորանալու, պիգմենտավորվելու, փոխանցվելու ուրիշ մարդկանց (անմիջական շփման ճանապարհով), ընդգրկելու բնական անցքերը: 
    Արևի ճառագայթման ենթակա հատվածներում տեղակայված պապիլոմաները կարող են խիստ պիգմենտավորվել: Այս բոլորը համոզիչ փաստեր են, որպեսզի հիվանդը չխուսափի դրանք բուժելուց:

    Եղունգների ինչպի՞սի  ախտահարումների ժամանակ է ցուցված դրանց ամբողջական հեռացումը:

    Եղունգաթերթիկների ամբողջական հեռացման անհրաժեշտություն է լինում գերազանցապես վնասվածքային բնույթի,  ենթաեղունգային ծավալուն արյունահոսությունների և հեմանգիոմաների դեպքերում: Նման պարագաներում եթե անգամ չկատարվի եղունգի շտապ հեռացում, միևնույնն է, այն 1-2 շաբաթ անց կընկնի: Այլ դեպքերում (եղունգների եզրերի ներաճ, սնուցման խանգարումներ, սնկային ախտահարումներ և այլն) եղունգների ամբողջական հեռացումից պետք է խուսափել, եղած ախտահարումն արդյունավետ ձևով բուժել այլ եղանակներով և միջոցներով, որը հաջողությամբ իրականացվում է «Հելիոս» բժշկական կենտրոնում:

    Բերանի լորձաթաղանթի ախտահարման դեպքում հիվանդը ո՞ր մասնագետին պետք է դիմի` ստոմատոլոգին, թե մաշկաբանին:

    Եթե հիվանդի մոտ զարգանում է բերանի լորձաթաղանթի ախտահարում և նա ունենում է ցավի, այրոցի և այլ անսովոր զգացումներ, ապա նա կարող է դիմել և' ստոմատոլոգին, և' մաշկաբանին: Պետք է կատարվի ոչ միայն բերանի լորձաթաղանթի, այլ նաև հիվանդի լիարժեք կլինիկական և մանրէաբանական հետազոտություններ, քանի որ եղած ախտահարումը կարող է լինել լուրջ ընդհանուր հիվանդության մասնակի ախտանիշ: Միայն դրանից հետո կպարզվի, թե հիվանդը, ո՞ր նեղ մասնագետի մոտ պետք է շարունակի բուժումը:  

  • ԹԵՐԱՊԵՎՏ

     Ի՞նչը կարող է հանդիսանալ ստամոքսի ցավի պատճառ:

    Պատճառները բազմազան են` ստամոքսի սուր և քրոնիկ բորբոքումներ, որոնք կարող են լինել բարձր և ցածր թթվայնությամբ պայմանավորված, 12 մատնյա աղու բորբոքումներ, սուր և խրոնիկ էրոզիաներ, խոցեր, ինչպես ստամոքսում, այնպես էլ 12 մատնյա աղում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում: Այս բոլորը ճշտելու համար անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն և հետազոտություն:

     Ի՞նչը կարող է հանդիսանալ որովայնի ցավի պատճառ:

    Որովայնի ցավի պատճառ կարող են հանդիսանալ ստամոքսի սուր և խրոնիկ բորբոքումները, 12 մատնյա աղու բորբոքումները (էրոզիաներ, խոցեր), աղիների բորբոքումները` (հաստ և բարակ աղու), լեղապարկի բորբոքումը, լեղածորաննների դիսկինեզիաները, լեղապարկի քարային հիվանդությունը, գազերի առկայությունը որովայնում, լուծերն ու փորկապությունները, կույրաղու բորբոքումները: Նման ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:

    Որո՞նք են դեմքի մաշկի ցանավորման պատճառները:

    Պատճառ կարող են հանդիսանալ բերանի խոռոչի բորբոքումները, թարախային անգինան (խրոնիկ), չբուժված ատամները, աղիների անկանոն գործելը, աղիների դիզբակտերիոզը, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, ճիճվակրությունը:

    Ի՞նչը կարող է հանդիսանալ սրտխառնոցի պատճառ:

    Սրտխառնոց կարող է առաջանալ որովայնի խոռոչի բոլոր օրգանների բորբոքումների, ինչպես նաև արյան ճնշման բարձրացման, նևրոզների, դեպրեսիաների, ճիճվակրության և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:

    Ունեմ այրոցի զգացողություն, ո՞րն է պատճառը:

    Այն կարող է լինել բարձր թթվայնությամբ ընթացող գաստրիտների, ստամոքսիև 12 մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ, նաև երբ ստամոքսահյութը ստամոքսից հետ է շպրտվում կերակրափող: Խորհուրդ է տրվում դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում:

    Ունենում եմ հաճախակի փորլուծություն:

    Լուծի պատճառ կարող են լինել աղիների բազմաթիվ հիվանդությունները: Պատճառը հայտնաբերելու համար անհրաժեշտ է կատարել կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն որևիցե աղիքային ինֆեկցիան ժխտելու համար: Լուծի պատճառ կարող են հանդիսանալ ֆերմենտների պակասությունը, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունը, լյամբլիաների, ամեոբիազի, տափակորդերի առկայությունը, Կրոնի հիվանդությունը և մի շարք այլ հիվանդություններ:

    Տառապում եմ փորկապությամբ, ի՞նչ անել:

    Կարող է կապված լինել աղիների դիզբակտերիոզի, սննդակարգի, նյարդային համակարգի հիվանդությունների, նստակյաց կյանքի հետ: Կարող է լինել նաև ժառանգական հիվանդությունների (դոլիխոսիգմա), հաստ աղու և ստամոքսի իջեցման հետևանք: Անհրաժեշտ է հետազոտվել` պատճառը պարզելուհամար:

     

  • ԳԻՆԵԿՈԼՈԳ

    ·         Ի՞նչ հիվանդություններ է հնարավոր հայտնաբերել քսուք հանձնելով։ Եվ ի՞նչից կարող է լինել արտադրությունը։

    Հեշտոցից արտադրությունը կարող է լինել ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ տարբեր պաթոլոգիկ վիճակների հետևանքով։ Նորմալ են համարվում դաշտանային ցիկլի կեսին արտադրությունը՝ մածուցիկ, թափանցիկ լորձի տեսքով։ Այն պայմանավորված է կանացի հորմոնների ազդեցությամբ։ 
    Իսկ եթե արտադրությունը դեղին է կամ կանաչավուն, փրփրոտ, լոռանման, սուր, տհաճ հոտով, ապա ցանկացած այսպիսի վիճակների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի պարզվի, արդյո՞ք դա ունի բորբոքային բնույթ։
    Հեշտոցից պաթոլոգիկ արտադրությունը կարող է պայմանավորված լինել հեշտոցի միկրոցենոզի խախտման, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, սթրեսների, իմունիտետի անկման, հղիության և այլնի հետ: Այսպիսով, պաթոլոգիկ արտադրության պատճառները բազմազան են, անհրաժեշտ է գինեկոլոգի կոնսուլտացիա, հետազոտություններ և բուժում։ 

    ·         Ինչո՞վ կարող է պայամանավորված լինել քորը սեռական օրգանների շրջանում։

    Սեռական օրգանների շրջանում քորը կարող է պայմանավորված լինել նևրոլոգիական, էնդոկրին խանգարումների, ինչպես նաև միզասեռական ինֆեկցիաների կամ հեշտոցի դիսբիոզի հետ։ Այս բոլոր վիճակները պետք է ժխտել կամ հաստատել, անհրաժեշտ է դիմել բժշկի։

    ·         Հնարավո՞ր է հղիանալ պահպանակով սեռական կոնտակտից։

    Եթե պահպանակը ճիշտ է օգտագործվում, ապա անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանությունը հուսալի է։ Պահպանակը չի պաշտպանում հերպես վիրուսից։ Որոշ ինֆեկցիաների տեղակայումը կարող է դուրս լինել պահպանակի պաշտպանիչ գոտուց և հնարավոր է վարակվել (սիֆիլիս, հերպես, պապիլոմա վիրուս, քոս, կոնտագիոզմոլյուսկ, ցայլքի ոջիլ տրոպիկական սեռավարակներ (փափուկ շանկր, դոնովանոզ, վեներական լիմֆոգրանուլոմա)): Պահպանակներն ունեն պիտանելիության ժամկետ։

    ·         Դաշտանային ցիկլի ո՞ր օրերն են ավելի ապահով չհղիանալու համար։

    Շատերին թվում է, որ դաշտանային ցիկլի որոշակի օրերին հղիանալը անհնար է։ Դա պայմանավորված է նրանով, որ ձվաբջջի բեղմանվորումը տեղի է ունենում օվուլյացիայից հետո մի քանի օրվա ընթացքում։ Բայց,

    ·         էմոցիոնալապրումների,սթրեսների, հորմոնալ խախտումների հետևանքով կարող է ձևավորվել ոչ թե մեկ այլ երկու ձվաբջիջ

    ·         ձվաբջիջը կարող է հասունանալ ավելի վաղ կամ ուշ քան մինչև ցիկլի կեսերը

    ·         երբեմն սպերմատոզոիդների կենսունակությունը կարող են տևել մինչև 5-7օր։

    Ստացվում է, որ ցանկացած չպաշտպանված սեռական հարաբերությունը ցիկլի ցանակացած օր կարող է բերել հղիության։ Կան միայն վտանգավոր և խիստ վտանգավոր օրեր, որոնք կհանգեցնեն անցանկալի հղիության։ Այդ պատճառով անհաժեշտ է նախապես բժշկի հետ ընտրել հակաբեղմնավորիչ միջոցներ։
    Գոյություն ունի «ապահով օրերի» հաշվարկման մի քանի եղանակ։
    Դրանցից են՝ Օգին-Կլաուսի մեթոդ (օրացույցային եղանակ), բազալ ջերմաչափում և այլն։ Եթե հետաքրքրված եք հակաբեղմանվորիչ մեթոդներով ապա պետք է դիմել բժշկի։

    ·         Հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու դեպքում անհրաժե՞շտ է կիրառել այլ հակաբեղմնավորիչ միջոցներ։ Լսել եմ, որ շատերը նիհարում են հակաբեղմնավորիչ դեղահաբեր ընդունելիս։

    Կոմբինացված օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելիս (հակաբեղմնավորիչ հաբեր), եթե դրանք ճիշտ են օգտագործվում, առանց ընդհատումների ցիկլի առաջին օրվանից, հղիությունը բացառվում է։ Սակայն այդ միջոցները չեն պաշտպանում սեռավարակներից։ Զուգընկերը կարող է չիմանալ իր խնդիրների մասին, քանի որ տղամարդկանց մոտ ինֆեկցիաները հաճախ կարող են ընթանալ թաքնված, և ի հայտ գալ միայն զուգընկերուհու մոտ առանց պահպանակի սեռական հարաբերությունից հետո։ Այդ պատճառով դեռահասներին և անկանոն սեռական կյանքով ապրողներին խորհուրդ է տրվում պահպանակից բացի օգտագործել օրալ հակաբեղմնավորիչներ, որի ճիշտ ընտրության դեպքում այն չի անդրադառնում քաշի վրա։ Քաշի ավելացումը կախված է կենսակերպից, սնվելուց և այլնից։ Որոշ աղջիկներ հակաբեղմանավորիչ հաբեր օգտագործելով սկսում են շատ ուտել, քիչ նյարդայնանալ և դրանից գիրանում են։

    ·         Կա՞ն արդյոք դեղամիջոցներ, որոնք կարելի է օգտագործել ոչ մշտական, միայն սեռական հարաբերությունից հետո և ո՞ր հաբերն են ավելի քիչ հորմոն պարունակում։

    Անմիջապես սեռական ակտի ժամանակ կարելի է օգտագործել սպերացիդներ և պատնեշային միջոցներ (պահպանակ, մածուկներ, գելեր, հեշտոցային հաբեր և այլն): Չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո կիրառելի են ծայրահեղ հակաբեղմնավորիչ միջոցները, որոնք նախատեսված չեն պլանային կոնտրացեպցիայի համար։ Իսկ մնացած հակաբեղմնավորիչները օգտագործում են իրենց սխեմայով անկախ սեռական ակտից։

    ·         Ցավոտ դաշտանը նորմա՞ է։

    Նորմայում դաշտանային ցիկլը պետք է ընթանա անցավ, թույլատրելի է աննշան ցավ որովայնի ստորին հատվածում կամ գոտկատեղում ցիկլի 1-2-րդ օրերին։ Այդ ցավի զգացողությունը չպետք է բերի աշխատունակության անկման, անկողնում անցկացնելու կամ դեղորայքի կիրառման։ Ցավոտ դաշտանը, որը բերում է դեղորայքի ընդունման, չի կարելի համարել նորմա։ Ցավոտ դաշտանային ցիկլը բժշկական լեզվով կոչվում է դիսմենոռեա, որի ժամանակ հնարավոր է ոչ միայն ցավի առկայություն, այլև սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, դողէրոցք, ջերմության բարձրացում և այլն։ Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկին և պարզել ցավի իրական պատճառները:

     

    ·         Սեռական ակտի սկզբում ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ցավը հեշտոցում։

     

    Ցավերը սեռական ակտի սկզբում կարող են պայմանվորված լինել հեշտոցի ոչ բավարար խոնավեցումով։ Երբեմն ցավի զգացողությունը սեռական ակտի ժամանակ կարող են պայմանավորված լինել զարգացման արատներով, տրավմայով, դեգեներատիվ կամ բոբոքային փոփոխություններով։ Որոշ դեպքերում կարող է պայմանավորված լինել փսիխոսոմատիկ խանգարումներով, որոնք առաջանում են փսիխոգեն գործոններից։ Փսիխոգեն գործոններից են՝ կնոջ բացասական վերաբերմունքը զուգընկերոջ կամ սեքսի նկատմամբ։ Այս դեպքերում պետք է դիմել գինեկոլոգի կամ հոգեթերապեվտի։
     

    ·         Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել դաշտանի ուշացումը, եթե հղիությունը բացառված է։

    Դաշտանի ուշացումը կարող է պայմանավորված լինել բորբոքային հիվանդություններով, սթրեսային իրավիճակներով, քաշի կտրուկ խախտումով, ակտիվ սպորտով զբաղվելով, օրգանական հիվանդություններով, որոշ դեղորայքի կիրառումով (տրանկվիլիզատորներ, նարկոտիկ դեղամիջոցներ), քրոնիկական հիվանդություններ (անեմիա, վահանագեղձի հիվանդություններ և այլն):
    Ամեն դեպքում, դաշտանի ուշացման ժամանակ առաջին հերթին պետք է բացառել հղիությունը, այնուհետև դիմել բժշկի` ուշացման պատճառը հայտնաբերելու և բուժման համար։

    ·         Կարո՞ղ է հղիության թեսթը որոշել արտարգանդային հղիությունը։

    Ոչ, հղիության թեսթը որոշում է մեզի կամ արյան մեջ խորիոնային գոնադոտրոպինի քանակը, որը ցույց է տալիս հղիության առկայությունը՝ առանց պտղապարկի լոկալիզացիան (տեղակայումը) ճշտելու։ Իհարկե, ԽԳ-ի քանակի որոշումը արյան մեջ լաբորատոր եղանակով, նրա քանակի ավելացումը հղիության ընթացքում որոշակիորեն տարբերվում է արտարագանդային հղիության ժամանակ, սակայն միևնույնն է, նման ախտորոշումը ճշտվում է սոնոգրաֆիկ հետազոտության կամ դիագնոստիկ լապորոսկոպիայի միջոցով։

     

     

  • ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ
    • Հնարավո՞ր է արդյոք սեռական հարաբերության երկարատև բացակայության դեպքում նվազի նաև սեռական ցանկությունը:

    Այո: Սեռական ցանկության նվազումը կարող է  պայմանավորված լինել սեռական կյանքի բացակայությամբ: Տղամարդու մոտ երկարատև սեռական աբստինենցիան (ձեռնապահություն) խթանում է պաշտպանական համակարգը, որն էլ արգելակում է

    սեռական ցանկությունը: Սա դարձելի պրոցես է, և սեռական կյանքի վերսկսումից հետո ցանկությունը լիովին վերականգնվում է, եթե չկան օրգանական փոփոխություններ:

    • Արդյոք հնարավո՞ր է հղիանալ սեռական օրգանների շփումից:

    Սեռական հարաբերության այս տարբերակը, երբ շփվում են զուգընկերների սեռական օրգաններն առանց առնանդամի ներհրման, կոչվում է վեստիբուլյար կոիտուս (միջնախադռնային սեռական հարաբերություն): Այն համարվում է սեռական կյանքի փոխարինող ձևերից մեկը: Եթե տեղի չի ունենում սերմնաժայթքում զուգընկերոջ կողմից, ապա հղիություն չի կարող լինել. եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում և սերմնահեղուկը թափվում է սեռական օրգանների վրա կամ շուրջ, հնարավոր է գրանցվի հղիություն, քանի որ տղամարդու սերմնաբջիջն օժտված է շարժունակությամբ և կարող է «վեր բարձրանալ» կնոջ սեռական ուղիներով:

    • Ամենօրյա ձեռնաշարժությունը երիտասարդ տղաների մոտ կարո՞ղ է լիարժեք փոխարինել սեռական հարաբերությանը, հնարավոր են հոգեկան և ֆիզիկական ախտաբանական խանգարումներ դրա հետևանքով:

    Բժշկական տեսանկյունից նորմալ է դիտվում, երբ երիտասարդ տարիքի տղաները ժամանակ առ ժամանակ զբաղվում են ձեռնաշարժությամբ (մաստրուբացիա): Մաստուրբացիան համարվում է սեռական կյանքի փոխարինող ձև, սակայն այն լիարժեքորեն չի կարող փոխարինել սեռական հարաբերությանը: Ավելին` դրա չարաշահումը և կենտրոնացումը դրա վրա կարող է բերել նրան, որ անձնավորության մոտ չձևավորվեն նորմալ միջանձնային հարաբերություններ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

    • Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել վաղաժամ սերմնաժայթքումը, եթե նախկինում դա չի նկատվել:

    Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է ունենալ, ինչպես փսիխոգեն (հոգեծին) ծագում` ստրես, դեպրեսիա, գերհոգնածություն, անքնություն, զուգընկերոջ փոփոխություն, ոչ ստաբիլ սեռական կյանք, միջանձնային խնդիրներ և այլն, այնպես էլ օրգանոգեն` առավել հաճախ միզասեռական համակարգի բորբոքային հիվանդություններ` ինչպես ինֆեկցիոն, այնպես էլ ոչ ինֆեկցիոն գենեզի, նևրոգեն հիվանդություններ և այլն:

     

  • ԱԽՏՈՐՈՇԻՉ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

    Լաբորատորիան աշխատում է ամեն օր, աշխատանքային ժամերն են` 09:00-17:00-ն, հանգստյան օրը՝ կիրակի: 
    Հետազոտման նյութերը (արյուն) անհրաժեշտ է հանձնել անոթի վիճակում` շիճուկի կամ պլազմայի խիլիոզ լինելը բացառելու համար: 

    Կատարվու՞մ են արդյոք Ձեր լաբորատորիայում սնկերի հայտնաբերման վերաբերյալ հետազոտություններ:

    Այո: Սնկերի հայտնաբերման վերաբերյալ հետազոտությունները կատարվում են ախտահարված եղունգներից, մազերից և մաշկից: Անհրաժեշտ է ախտահարված հատվածը չլվանալ 2-3 օր, և չօգտագործել որևէ հակասնկային քսուք կամ հաբ` առնվազն 7-10 օր: 

    Ի՞նչ է հարկավոր  իմանալ լիպիդային պրոֆիլի հանձման  վերաբերյալ:

    Լիպիդային պրոֆիլի հետազոտման համար (CHOL, TRIGL, HDL-C, LDL-C ) անհրաժեշ է չսնվել նախորդ օրվա ժամը 20:00-ից հետո:

    Կատարվո՞ւմ  է սերմնահեղուկի  հետազոտություն:

    Այո: Հետազոտության համար հարկավոր է 3-5 օրվա սեռական զսպվածություն:

    Կատարվու՞մ է մեզի հետազոտություն և ինչ պետք է իմանալ: 

    Այո: Մեզի ընդհանուր հետազոտության համար հարկավոր է մեզը (գիշերվա) հանձնել դեղատնային ստերիլ տարայով` նախապես լվացվելուց հետո:

    Կատարվո՞ւմ է հղիությունը հաստատող հետազոտություն:

    Այո: Հղիության առկայությունը որոշելու համար կարող եք հանձնել βHCG (խորիոնալ գոնադոտրոպին):

    Կատարվո՞ւմ է  տղամարդու քսուքի հետազոտություն:

    Այո: Տղամարդու քսուքի նմուշառումը կատարվում է 3-4 ժամ չմիզելու դեպքում:

    Ե՞րբ կարելի է հանձնել արյունը հորմոնների հետազոտման համար:

    Հորմոնների վերաբերյալ բոլոր հետազոտությունները խորհուրդ է տրվում կատարել ըստ բշժկի ցուցումի:

     

  • ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

    Մանրէաբանական լաբորատորիան աշխատում է ամեն օր` առավոտյան 09:00-17:00-ն, հանգստյան օրը՝ կիրակի: Նմուշներն ընդուվում են 09:00-16:00-ն: 

    •    Ո՞րն է Էքսպրես մանրէաբանական և դասական ընթացքով մանրէաբանական հետազոտությունների տարբերությունը:

    Էքսպրես մանրէաբանական հետազոտությունների դեպքում մանրէի տարբերակումը և հակաբակտերիալ պրեպարատների նկատմամբ զգայնության որոշումն իրականացվում է Vitek 2 compact  ավտոմատ անալիզատորի միջոցով, որն ապահովում է արագ (4-8 ժամ) և ճշգրիտ արդյունք, մինչդեռ դասական մեթոդով հետազոտման դեպքում պահանջվում է առնվազն 48-72 ժամ:

    •    Ո՞րն է  «Հելիոս» բժշկական կենտրոնի մանրէաբանական լաբորատորիայի առանձնահատկությունը:

    «Հելիոս» ԲԿ-ի մանրէաբանական լաբորատորիան հանրապետության եզակի լաբորատորիաներից է, որը կիրառում է ավտոմատ մանրէաբանական անալիզատոր Vitek 2 compact-ը: Մանրէաբանական լաբորատորիան հագեցած է եվրոպական առաջատար ֆիրմաների սարքերով, ախտորոշիչ նյութերով: Լաբորատորիան կիրառում է ֆրանսիական  և իտալական արտադրության պատրաստի մանրէաբանական միջավայրեր, որոնք անցել են  որակի հսկողություն և ապահովում են մանրէաբանական հետազոտությունների ճշգրիտ արդյունք: Սարքի օգտագործումը բացառում է ժամկետանց ախտորոշիչ նյութերի կիրառումը:

    •    Ինչպիսի՞ հետազոտություններ է իրականացնում մանրէաբանական լաբորատորիան:

    Մանրէաբանական լաբորատորիան իրականացնում է մանրէաբանական հետազոտությունների ամբողջական ցանկը, մասնավորապես հղիների սկրինինգ B խմբի  betta հեմոլիտիկ ստրեպտոկոկերի հայտնաբերման համար, Clostridium dificilei-ի որոշում կղանքում, տարբեր կենսանյութերում անաէրոբ մանրէների հայտնաբերում և տարբերակում:

    •    Ինչպիսի՞ առանձնահատկություններ կան մանրէաբանական  հետազոտության նպատակով կենսանյութերի նմուշառման համար:

    Մանրէաբանական հետազոտությունների դեպքում հիմնական կարևոր նախապայմանը` կենսանյութի նմուշառումն է մինչև հակաբակտերիալ թերապիան սկսելը:

  • ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

    Անհրաժեշտ է արդյո՞ք որոշակի պատրաստվածություն սոնոգրաֆիկ հետազոտությունից առաջ:

    Առանց նախապես պատրաստվելու հետազոտվում են

    • Վահանաձևգեղձը
    • Կրծքագեղձերը (ցանկալի է դաշտանային ցիկլի 5-րդ օրը)
    • Փափուկ հյուսվածքներն ու հոդերը
    • Փոշտի օրգանները
    • Սիրտ-անոթային համակարգը

    Լրիվ քաղցած վիճակում հետազոտվում են որովայնի խոռոչի օրգանները, մասնավորապես

    • Հեպատոպանկրեատոբիլիար համակարգը (լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ):

    Լիքը միզապարկով հետազոտվում են

    • Երիկամները և միզատարուղիները
    • Փոքր կոնքի օրգանները (արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ)

    Ինչպի՞սի բացասական ազդեցություն է ունենում ուլտրաձայնային հետազոտությունը մարդու օրգանիզմի վրա:

    Մինչ օրս բժշկի կամ հետազոտվողի մոտ ուլտրաձայնի հետևանքով առաջացած որևէ կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել: Ուլտրաձայնը թողնում է որոշակի կենսաբանական ազդեցություն` մեխանիկական և ջերմային: Ուլտրաձայնային ալիքի ազդեցությամբ կարող է առաջանալ կավիտացիա, որը հեղուկի մեջ գազի կամ գոլորշու պղպջակների առաջացումն է:
    Բժշկության մեջ ուլտրաձայնային հետազոտության Ամերիկյան ինստիտուտը բազմաթիվ հետազոտություններից հետո հայտարարել է ALARA (As Low As Reasonably Achievable) սկզբունքը, որը նշանակում է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ճառագայթման նվազագույն մակարդակ: 

    Հղիության թեստի դրական լինելու դեպքում սոնոգրաֆիկ հետազոտությունը ե՞րբ է ինֆորմատիվ և որ ժամկետում է հնարավոր տեսնել սրտի բաբախը:

    Պտղապարկը արգանդի խոռչում տեսանելի է 4 շաբաթականում, այսինքն` սպասվող դաշտանից ուշացումից 7 օր հետո: Պտղի սրտի բաբախը տեսանելի է 6 շաբաթականից: Յուրաքանչյուր դեպքում, կախված օվուլյացիայի ժամկետից, հնարավոր են տատանումներ մինչև 1 շաբաթ: 

     

  • ՊՈԴՈԼՈԳԻԱ
    • Որո՞նք են ներաճած եղունգների խնդրի պատճառները:
    1. Կոշիկների սխալ ընտրությունը (հատկապես երեխաների մոտ)
    2. Եղունգների սխալ խնամքը
    3. Հարթաթաթության հետևանքով առաջացած ոտնաթաթի և մատների դեֆորմացիան
    4. Նյութափոխանակության և արյան շրջանառության խախտումների հետևանքով առաջացած եղունգների դեֆորմացիան
    5. Եղունգի սնկային ախտահարումը
    • Ինչպե՞ս ուղղել արդեն իսկ դեֆորմացված եղունգը և խուսափել ներաճումից:

    Ժամանակակից մեթոդներից է օրտոնիկսիան մետաղյա թիթեղներով (ֆրեզերի թիթեղ, օնիկլիպ թիթեղ, 3TO թիթեղ) եղունգի ուղղում, որը թույլ է տալիս հիվանդին խուսափել վիրահատական միջամտությունից և նույնիսկ չխախտել առօրյա կյանքի ռիթմը բուժման ընթացքում:

  • ՍՊԱ
    • Ե՞րբ չի կարելի մերսում կատարել:

    Մերսում կատարելը հակացուցված է.

    1. Օնկոլոգիայի
    2. Տրոմբի
    3. Մաշկային խնդիրների
    4. Ինֆեկցիոն և բորբոքային գործընթացների առկայության դեպքում:

     

    • Արդյո՞ք հղիներին մերսում կարելի է :

    Հղիներին մերսում կարելի է, 16 շաբաթականից մինչև ծննդաբերություն, գրագետ մասնագետի և ճիշտ աշխատանքի դեպքում, իհարկե, եթե բժշկական հակացուցում չկա:

    • Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ փիլինգներից և պարուրումներից հետո մաշկի փոփոխությունները զգալու համար:

    Սովորաբար փոփոխություն կարելի է նկատել առաջին իսկ այցից հետո: Սակայն ինչպես ցանկացած գործողության, այնպես էլ փիլինգների և պարուրումների դեպքում, անհրաժեշտ է ժամանակ՝ հյուսվածքներում նյութափոխանակությունը լավացնելու համար:

    • Ե՞րբ է անհրաժեշտ գնալ մերսման:

    Երբ լարված է միտքը, անհանգիստ է մարմինը, և ի վերջո երբ պարզապես ցանկանում եք ապրել անմոռանալի պահեր: